Մարիուպոլում ավերվել է Կուինջի թանգարանը. Այվազովսկու և այլոց կտավների ճակատագիրն անհայտ է
Գիտություն և ՄշակույթՄարիուպոլում Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը, որտեղ պահվում էին աշխարհահռչակ վարպետների բնօրինակ կտավները, ավերվել է ռուսական զորքերի գնդակոծության ժամանակ, հաղորդում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։
Ուկրաինայի նկարիչների ազգային միության նախագահ Կոնստանտին Չերնյավսկու խոսքով, Արխիպ Կուինջիի բնօրինակ աշխատանքները գնդակոծության պահին թանգարանում չեն եղել. այնտեղ մնացել են միայն Անդրեյ Յալանսկու և Ալեքսանդր Օլխովի հեղինակային պատճենները: Միաժամանակ, շենքում են պահվել նկարիչներ Իվան Այվազովսկու, Նիկոլայ Գլուշչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայի, Միխայլո Դերեգուսի և այլոց ստեղծագործությունների բնօրինակները։ Նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է։
Թանգարանի ֆոնդը բաղկացած էր մոտ երկու հազար ցուցանմուշից, այդ թվում՝ գեղանկարչության, դեկորատիվ և կիրառական արվեստի, գրաֆիկայի և քանդակի գործեր։