Արմեն Աշոտյան. Ամեն օր պետք է լինի Ուսուցչի օր
Հասարակություն
Ամեն տարի, Ուսուցչի օրվա նախաշեմին, հանրապետության լավագույն մանկավարժներին շնորհվում են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» և պատվոգիր. այս տարին ևս բացառություն չէր: Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և պարգևներ է հանձնել մի խումբ ուսուցիչների: «Ի դեմս ձեզ՝ թույլ տվեք մեր երախտագիտության խոսքն ուղղել Հայաստանի դպրոցներում աշխատող շուրջ 41000 մանկավարժներին, մեր բերկրանքը և հարգանքը՝ Սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաև երբեմն դժվարին պայմաններում աշխատող Ջավախքի հայկական դպրոցների ուսուցիչներ:
Շնորհակալություն ձեր անձնվիրաց աշխատանքի և նվիրումի համար, որովհետև ունենալով սեփական ընտանիքներ՝ ձեր ջերմությունը, արժեհամակարգը և մասնագիտական հմտությունները փոխանցում եք աճող սերնդին և արժանապատվորեն շարունակում եք հայ մանկավարժի առաքելությունը՝ դարերից եկող և դարեր գնացող: Մանկավարժի աշխատանքը հեշտ աշխատանք չէ, բայց դուք ուժեղ եք և տոկուն, դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, որ կարողանում եք, անկախ առկա խնդիրներից, սփռել լույս՝ գիտելիքի, հավատի, արժեքների: Դուք նաև նախարարության հենասյունն եք, տարվող քաղաքականության իրական կրողը և տեղերում մեր գործընկերը: Կարծում եմ՝ Հայաստանում ամեն օր պետք է լինի Ուսուցչի օր և մեկ օր տոնական, երբ պետք է փորձել մի քիչ ավելի լավատես և բաց լինել միմյանց նկատմամբ»,- դիմելով մանկավարժներին նշել է նախարարը՝ հավելելով, որ բարի ավանդույթ կարող է դառնալ, երբ լավագույնը ճանաչված մանկավարժներն ամեն տարի իրենց նկատառումները, առաջարկություններն ոււ դիտողություններն ուղարկեն նախարարություն՝ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հղկման նպատակով:
«Տարվա լավագույն...» մրցույթի անվանակարգերում հաղթող մանկավարժներին պարգևներ է հանձնել նաև ճյուղային արհմիության նախագահ Գր. Ղարիբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը