Դեսպան Տոլմաջյանը Կաննի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին
ՀայաստանՖրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը օրերս հանդիպել է Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում դեսպանը և քաղաքապետը մտքեր փոխանակեցին ակտուալ միջազգային գործընթացների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ֆրանսահայ համայնքի և Հայաստանի նկատմամբ ընդգծված ուշադրության, ինչպես նաև հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության ուղղությամբ կատարված քայլերի համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին. ձեռք բերվեցին մի շարք ծրագրերի շուրջ համագործակցության պայմանավորվածություններ։