ՄԻՊ-ի պարզաբանումը Ստեփան Սաֆարյանի մեկնաբանության կապակցությամբ
Հասարակություն
Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, այն մասին, որ եթե սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով քաղաքացին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չի պահում ՀՀ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, կտուգանվի 3000 ՀՀ դրամի չափով։
Lurer.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն այս հայտարարությունը որակել էր մարդու իրավունքների խախտում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պարզաբանումը չուշացավ։ Իրավաբան Արամ Վարդևանյանը Lurer.com-ի հետ զրույցում ասաց. «Նման պարտականությունը քաղաքացու համար նախատեսված էր ի սկզբանե՝ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով, պարզապես այն որևէ հետևանք չէր նախատեսում նման պարտականությունը չկատարելու դեպքում։ Այսինքն՝ մենք ունեինք նորմա, որը նախատեսում էր պարտականություն՝ վեց ամսից ավել արտերկրում գտվելու դեպքում տեղյակ պահել համապատասխան մարմնին, իսկ տեղյակ չպահելու համար չկար որևէ պատասխանատվություն։ Այդ նոր փոփոխությունը, որ տեղի ունեցավ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ըստ էության, նախատեսեց այդ հետևանքը, որը նախկինում չկար՝ այն է 3000 դրամ տուգանք։
Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարող ենք եզրակացնել, որ նման փորձ դեռ չկա մեր ուսումնասիրած պետություններում, իսկ մենք ուսումնասիրել ենք տասնյակ պետությունների փորձ։ Այստեղ, հնարավոր է, խնդիրներ առաջանան, եթե քաղաքացիների մի մեծ հոսք մեկնի արտերկիր. ՀՀ-ի մշտական բնակիչն այնքան երկար բացակայի ՀՀ-ից, որ, ըստ էության, չհանդիսանա մշտապես ՀՀ-ում բնակվող։ Ստացվում է՝ իր հաշվառմամբ անձը մշտական բնակվող է, բայց երկրից բացակայում է։ Պետությունը նպատակ է ունեցել՝ ունենալ արդյունավետ, իրականությանը համապատասխանող բնակչության պետական ռեգիստր։ Այդ նպատակին հասնելու համար պետությունը նախատեսել է պարտականություն քաղաքացիների համար՝ վեց ամիսը լրանալուց հետո տասնհինգ օրյա ժամկետում տեղեկացնել իրենց գտվելու վայրի մասին. նպատակը ոչ թե իմանալն է, թե որտեղ է քաղաքացին, այլ՝ իմանալը, որ քաղաքացին այստեղ չէ և վեց ամսից ավել այստեղ չի բնակվել, հետևաբար նա այստեղ մշտական բնակվող չէ»։
Ըստ իրավաբանի՝ այս պարտականությունը բնավ չի սահմանափակում անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, որովհետև ոչ ոք չի սահմանափակում անձի որոշումը։ Պարզապես նախատեսում է այնպիսի պարտականություն, որ եթե անձը հանդիսանում է մշտապես բնակվող, այսինքն՝ ունի հաշվառում և վեց ամսից ավել անընդմեջ չի բնակվում ՀՀ-ում, այդ դեպքում նա պետք է տեղեկացնի համապատասխան մարմնին, որպեսզի բնակչութան պետական ռեգստրից իրեն՝ որպես մշտապես բնակվողի, հանեն. եթե նա նորից վերադառնա ՀՀ, շատ արագ նրան կհաշվառեն իր բնակության վայրում՝ որպես մշտապես բնակվող։ Ստացվում է՝ այստեղ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում չկա։
«Եթե տուգանքը լիներ ոչ թե 3000 դրամ, այլ մեծ թիվ՝ այդ դեպքում կարող էր խնդրահարույց լիներ նույն մարդու իրավունքի ևրոպական դատարանի նախատեսված այդ իրավունքի մասով և այլ իրավական ակտերով, որովհետև անհամաչափ պատասխանատվություն նախատաեսելը, ինքն իրեն արդեն հանդիսանում է խախտում, սակայն տվյալ դեպքում հատկանշական է այդ 3000 դրամի չափը։ Նաև հատկանշական է, որ տեղեկացնելու ձևի մեջ որևէ սահմանափակում չկա, այսինքն էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելը բավարար է։
Լրագրողի այն դիտարկամանը, թե Ստեփան Սաֆարյանը համեմատություն է անցկացրել ընտրացուցակների հրապարակման հետ և հարց է բարձրացրել՝ «Ինչո՞ւ պետք է պետությունը իմանա, թե ուր է անձը», իրավաբանը պատասխանեց.
«Այստեղ խնդիրն համեմատական անցկացնելու ակնհայտ խեղաթյուրման մեջ է։ Քվեարկությունների գաղտնիությունը, անձի ընտրությանը մասնակցելու գաղտնիությունը, ապահովված և երաշխավորված է օրենսդրությամբ և մի շարք այլ իրավական ակտերով՝ ընդհուպ մինչև քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով։ Անձի ընտրելու իրավունքի բաղկացուցիչ էլեմենտը գաղտնի քվեարկությունն է։ Այդ իսկ պատճառով, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նշված խնդիրը, մեծ կարևորություն էր տալիս գաղտնիության սկզբունքին։ Այդ ընտրացուցակների հրապարակման տեսանկյունից՝ այդտեղ, իհարկե, խնդիր կար, մյուս կողմից՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի մասով՝ տեղեկացնել համապատասխան դեսպանատանը, հյուպատոսական ներկայացուցչությանը, չի առաջացնում որևէ գաղտնիության սկզբունքի խախտում, դա նույնիսկ չի հանդիսանում անձի անձնական կյանքը, գաղտնիությունն ունենալու իրավունքի խախտում, որը պոտենցյալ կերպով կարող էր լինել։ Դա կարող էր լինել միայն այն դեպքում, եթե անձը պարտավորված լիներ տալ այնպիսի մանրամասներ իր անձնական կյանքի մասին, որը կհանգեցներ նման իրավունքի սահմանափակմանը։
Դեկլարատիվ բնույթ չի կարող կրել այն եզրույթը, որը նախատեսել էր, որ անձը պարտավոր է ՀՀ-ից վեց ամիս անընդմեջ բացակայելուց հետո տեղեկացնել համապատասխան դեսպանատանը, հյուպատոսական ներկայացուցչությանը, որպեսզի իրեն հանեն մշտական հաշվառումից»։
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը