«Համաշխարհային ժառանգության քաղաքներ»-ի պատվիրակությունը Մայր Աթոռում էր
Հասարակություն
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ ուրախություն հայտնեց Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:
Ողջունելով կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների այցը հայոց հոգեւոր կենտրոն՝ Նորին Սրբությունը կարեւորեց կազմակերպության առաքելությունը՝ ի խնդիր պատմական քաղաքների հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության: Խոսելով Հայաստանի պատմամշակութային արժեքների մասին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում յուրահատուկ վերաբերմունք է դրսեւորել իր արժեքների նկատմամբ եւ, հակառակ դարերի ընթացքում կրած կորուստների ու ավերածությունների, ջանք չի խնայել վերականգնելու եւ նորոգելու իր սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Անդրադառնալով հարուստ պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Եկեղեցին իր սուղ միջոցներով անում է հնարավորը' հայրերից ստացած ժառանգությունն անխաթար ու ամուր պահելու եւ այն նոր սերունդներին փոխանցելու համար:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով Էջմիածին քաղաքի եւ կազմակերպության միջեւ ձեւավորված համագործակցության առիթով, վերստին իր գնահատանքը հայտնեց ներկաներին՝ համամարդկային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ հոգատարության համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը