Գոմեշի միսն ու Սամվել Ալեքսանյանի միլիոնները
Հասարակություն
Ինչպես երեւում է աղյուսակից, Հնդկաստանից գոմեշի միս ներկրող առաջատար ընկերությունը կրկին ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: 2008-ին եւ 2009 թ. առաջին կիսամյակում էլ (մինչեւ սատկած գոմեշի հայտնի պատմությունը, որի մասին կառավարությունը խոսեց 2009-ի օգոստոսին) գլխավոր ներկրողը նույն ընկերությունն էր (նախկինում՝ «Սալեքս Գրուփ» ՍՊԸ): Այն ժամանակ մեկուկես տարում ընկերությունը ներկրել էր 9.869 տ միս, իսկ այս վերջին 21 ամսում՝ 7.278: Այս ընկերությունը, ՊԵԿ-ի տվյալներով, 2012-ի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 3-րդն է: Մուծել է ընդհանուր 9.279.351.200 դրամ հարկ: ՀՀ պետռեգիստրի կայքում ընկերության հիմնադիրներ են նշված ԱՄՆ քաղաքացի Անաստաս Արությունյանը եւ ՀՀ քաղաքացի Մհեր Ղարիբյանը: Վերջինս եղել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը, նույն գործարարի «Ֆլիտֆուդ» ընկերության հիմնադիրներից: Իսկ ԱՄՆ քաղաքացի Արությունյանը գրանցված է Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ թաղամասում:
Ընդհանրապես, Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հիմնադիրներ են գրանցված գործարարի մտերիմները, եւ դժվար է գտնել հենց Ալեքսանյանի անունը, որը բազմաթիվ ընկերություններ է բացում, փակում, փոփոխում:
Այս առումով հետաքրքիր է «Սամ-Սեր Գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներ են ներկայացված ՀՀ քաղաքացի Վիկտր Մանուկյանը (անունն այսպես է գրվում) եւ ՌԴ քաղաքացի Սերգեյ Պաշկոն: Ընկերության անունն էլ թերեւս դրա տերերի անուններից է բաղկացած: Ավելի պարզ լինելու համար ասենք, որ Մանուկյանը Ալեքսանյանի նախկին «Սալեքս Գրուփ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, ասել է թե՝ նրա «մարդը»: Պատահական չէ, որ, եթե 2011-ին «Ալեքս Գրիգը» ամենաշատն է գոմեշի միս ներկրել, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին զիջել է դիրքերը, սակայն ոլորտում ներգրավվել է արդեն «Սամ-Սեր Գրուպը», որն անցյալ տարի ներկրում չի կատարել: Մյուս կողմից՝ առաջին հայացքից ոչ շատ հայտնի թվացող այս ընկերությունը ՀՀ խոշոր հարկատուների մեջ 13-րդն է (2012-ի հունվար-հունիսին մուծել է 2.514.601.800 դր հարկ):
Թե «Ալեքս Գրիգը», թե «Սամ-Սեր Գրուպը» ներգրավված են այն ոլորտներում, որոնք հայտնի են իբրեւ Սամվել Ալեքսանյանի բիզնես: Առաջինը, ի թիվս տարբեր ներկրումների, միս-մսամթերքի մեծածավալ ներմուծում է կատարում Բրազիլիայից, իսկ երկրորդը՝ կանթնամթերք է բերում Նոր Զելանդիայից, որոնց տեղափոխումը կատարվում է ԱՄՆ նավահանգիստների միջոցով: Մասնավորապես «Panjiva» տեղեկատվական պլատֆորմի տվյալներով՝ թռչնամսի «Minu» ապրանքանիշով հայտնի բրազիլական «Companhia Minuano de Alimentos»-ը «Ալեքս Գրիգի» խոշոր մատակարարներից մեկն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Սամ-Սեր Գրուպի» մատակարարը նորզելանդական «Fonterra Co-Operative Group» ընկերությունն է, որին բաժին է հասնում աշխարհում կաթնամթերքի արտահանման շուրջ 30 տոկոսը (հայտնի է «Anchor» բրենդով):
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ին վերջերս անդրադարձել ենք: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բանակում գոմեշի մսի քրեական գործով մեղադրվող կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը քավոր-սանիկական կապեր ունի այս ընկերության տերերի հետ: ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս, սակայն գոմեշի մսի գործում նորեկ չէ: Մասնավորապես, 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը Հայաստան է բերել 732 տ գոմեշի միս: Ընկերության տերերը, ըստ պետռեգիստրի, երեք հոգի են՝ Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը, Վահե Շխրտմյանը: Այս անունները ոչինչ չեն ասում:
Նշենք, որ ընկերությունն առավել հայտնի է «Օրիգինալ» սուրճով, ինչպես նաեւ մետաղե կղմինդրների ու պրոֆիլների արտադրությամբ, սակայն գործունեությունը ներառում է նաեւ ոչ պարենային (մասնավորապես՝ խաղալիքներ) ու պարենային (հավի, տավարի, խոզի միս, բրինձ, ձավար, ոսպ, ոլոռ) ապրանքների ներկրում, պարենային որոշ մթերքների (սուրճ, թեյ, սուրճի ու թեյի փոշի, պահածոյացրած շոգեխաշած միս) արտադրություն: Պատահական չէ, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գործող ընկերության իրական տիրոջը ճանաչում են իբրեւ «Կոֆեի» Արթուր: Վերջինիս «տանիքն» էլ հայտնի նախկին գեներալներից մեկն է (բայց ոչ Արշալույս Փայտյանը): Ըստ մեր տեղեկությունների՝ այս ընկերությունն է բանակին տավարի պահածոյացրած շոգեխաշած միս (тушенка) առաքում: 2012-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների մեջ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն զբաղեցրել է 65-րդ տեղը՝ մուծած 709.767.100 դրամ հարկով:
Hetq.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը