Ռուսաստանը բացատրություն է պահանջում Թուրքիայից
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Մոսկվան բացատրություն է պահանջում Թուրքիայից իր քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքի համար:
Գերատեսչության կայքում նրա հրապարակած մեկնաբանության մեջ ասված է, որ Անկարայում սիրիական ինքնաթիռի առգրավման ժամանակ թուրքական կողմը խախտել է երկկողմ հյուպատոսական կոնվենցիան՝ թույլ չտալով ռուս հյուպատոսին հանդիպել ինքնաթիռում գտնվող ռուս ուղևորների հետ:
Լուկաշևիչն անհանգստություն է հայտնել նաև այն հարցի շուրջ, որ սիրիական ինքնաթիռի հարկադիր վայրէջքը կարող էր սպառնալ ուղևորների, այդ թվում՝ Ռուսաստանի 17 քաղաքացիների, կյանքին ու անվտանգությանը:
Ռուսաստանի ԱԳՆ զայրույթը շարժել է այն հանգամանքը, որ կատարվածի մասին ՌԴ-ն տեղեկացել է ԶԼՄ-ներից, ոչ թե՝ թուրքական իշխանություններից:
Պաշտոնական Անկարան ոչ մի կերպ չի արձագանքել Լուկաշևիչի այդ մեկնաբանությանը: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղևորների նկատմամբ ցուցաբերվում է բարեհամբույր վերաբերմունք:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջոցով սիրիական A-320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Անկարայում՝ օդանավում զենքի առկայության կասկածների պատճառով:
Օդանավի խուզարկությունը շարունակվել է 5 ժամ, որի արդյունքում թուրքական կողմը հայտարարել է, որ ինքնաթիռի մեջ ռազմական նպատակներով օգտագործվող պարագաներ են հայտնաբերվել: Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը, սակայն օդանավի ուղեբեռն առգրավվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)