WhatsApp-ը երեք նոր գործառույթ է թողարկել
Գիտություն և ՄշակույթWhatsApp մեսենջերը միանգամից մի քանի նոր հնարավորություններ կունենա՝ օգտատերերի գաղտնիությունը բարելավելու համար: Այդ մասին հայտնում է The Verge պորտալը։
Առաջին հերթին օգտատերը կկարողանա թաքցնել, թե որ օրվա որ ժամին է եղել ակտիվ կարգավիճակում։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեսենջերի ադմինիստրացիան ներկայացրեց մի գործառույթ, որը թույլ է տալիս թաքցնել ձեր առցանց կարգավիճակը բոլոր անծանոթներից: Այժմ հնարավոր է ցանկացածից թաքցնել ցանցում վերջին անգամ ակտիվ լինելու մասին տվյալները։ Պարզապես պետք է ընտրել անցանկալի կոնտակտները և թույլ չտալ նրանց ցուցադրել այս տեղեկատվությունը:
Մեկ այլ նոր գործառույթ թույլ կտա առանց տեղեկացնելու՝ հեռանալ այն խմբերից, որոնք օգտատերին այլևս պետք չեն։ Ներկայումս WhatsApp-ը ծանուցում է չաթի բոլոր մասնակիցներին, որ կոնկրետ մասնակիցը լքել է չաթը։ Նորամուծությունը կոչված է՝ օգտատերերին զրկելու անհարմարությունից հանրային խմբից հեռանալիս:
Բացի այդ, WhatsApp-ը պատրաստում է մի գործառույթ ևս, որն օգտատերերին արգելում է սքրինշոթեր անել, այսպես կոչված, «մեկանգամյա» հաղորդագրություններից, որոնք անհետանում են զրուցակցի կողմից դրանք մեկ անգամ դիտելուց հետո։ Ըստ ընկերության տեղեկատվության՝ առայժմ այն գտնվում է փորձարկման փուլում։