Ուսումնական հրդեհ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում
Հասարակություն
Հոկտեմբերի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքում անցակցվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման էր «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում»:
Ուսումնավարժանքի նպատակներն էին`
• բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարում.
• կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարականջոկատների անձնակազմերի գործնական հմտությունները (բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ.
• փոխգործողությունների պլանի համաձայն` օբյեկտը սպասարկող անձնակազմի պարտականությունների կատարումը մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը:
Սցենարի համաձայն` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքում հրդեհ էր բռնկվել: Հյուրանոցի աշխատակիցները` նկատելով, որ ծուխ է դուրս գալիս մասնաշենքի 7-րդ հարկի երկու պատշգամբներից, անմիջապես ահազանգեցին ՀՀ ԱԻՆ «911» արագ արձագանքման հեռախոսահամարով:
Պայմանական դեպքի վայր ժամանեց չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և շտապօգնության չորս բրիգադ: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ մասնաշենքում կա չորս «տուժած»: Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջումն ու այրվող մասնաշենքից տուժածների դուրսբերումը: Ցուցադրելով իրենց մասնագիտական hմտությունները` վերին հարկերի պատշգամբներից հատուկ ջոկատի փրկարարները տուժածներից երեքին անվտանգ դուրս բերեցին` ավտոսանդուղքի և պարանների միջոցով։ Ողնաշարի վնասվածք ունեցող մի «տուժածի» փրկարարները 6-րդ հարկից իջեցրին պատգարակի օգնությամբ։ Չորրորդ տուժածը հայտնաբերվեց կինոլոգի և հատուկ վարժեցված շան օգնությամբ, և դուրսբերվեց մասնաշենքի մուտքից: Բոլոր տուժածներին հանձնեցին շտապօգնության բրիգադներին:
Ուսումնավարժանքի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Պավել Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
- Ուսումնավարժանքն անցկացվեց բարձր մակարդակով և ծառայեց իր նպատակին: Բոլոր «տուժածները» փրկված են, իսկ հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվեցին հաջողությամբ: Ամեն տարի մենք հյուրանոցներում անցկացնում ենք նման սցենարով ուսումնավարժանքներ, քանի որ հյուրանոցի համար հրդեհն ու դրա հետևանքով տուժածներն իրական սպառանալիք են:
Անդրադառնալով ուսումնավարժանքին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի անվտանգության պատասխանատու Կարեն Սուքիասյանը նշեց.
- Նման ուսումնավարժանքները սովորեցնում են հյուրանոցի աշխատակիցներին արտակարգ իրավիճակներում ճիշտ գործել։ Մեր աշխատողներն արդեն բավականին հմտացել են, և ես համոզված եմ, որ նման իրավիճակներում նրանք պատրաստ են օգնել ոչ միայն իրենք իրենց, այլև` հյուրանոցի հյուրերին, հաճախորդներին և մյուս աշխատակիցներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը