Միջուկային անվտանգության խնդիրները՝ ուշադրության կենտրոնում
Հասարակություն
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում մեկնարկեց աշխատանքային քննարկում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների կողմից միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման և ՀԱԷԿ-ի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրման թեմաներով:
Քննարկմանը մասնակցում են ԱԷՄԳ-ի միջազգային փորձագիտական խումբը (EPREV), ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեից:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Գ. Կոստանդյանը նշեց. «Հայաստանի միջուկային անվտանգության խնդիրները ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում են: Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներգրավմամբ: Հայաստանը տարածաշրջանում ատոմակայան շահագործող առաջին երկիրն է, և ՀԱԷԿ-ում աշխատում են միայն բարձր որակավորում ստացած մասնագետներ»:
ԱԷՄԳ-ի փորձագիտական խմբի ղեկավար Լարիսա Ռոզդիալովսկայան իր ելույթում մասնավորապես ասաց. «Մեր խումբը ստեղծվել է միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում արձագանքման պատրաստվածությունն անկախ դիտարկելու և գնահատելու համար: Մեր նպատակը, դիտարկման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում, երկրին համապատասխան օգնություն տրամադրելն է: Մենք արդեն աշխատել ենք 11 երկրներում: Ամբողջ աշխարհը 2011 թ. տեղի ունեցած Ֆուկուշիմայի վթարից շատ կարևոր դաս քաղեց և հասկացավ, որ միջուկային անվտանգության ապահովման կարևորագույն գրավականն ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերի կիրառումն է»:
Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ Հ. Եմիշյանը EPREV-ի թիմին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կողմից միջուկային նյութերի կամ ճառագայթային աղտոտվածության հայտնաբերման, ՀԱԷԿ-ում վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացման պլանը, պլանավորման գոտիները, վթարի դասակարգումը, ազդարարման համակարգը և բնակչության պաշտպանության միջոցառումները:
Եղան մի շարք զեկույցներ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից՝ ՀԱԷԿ-ի վթարի դեպքում իրենց կառույցների ներգրավվածության վերաբերյալ:
Աշխատանքային հանդիպումը շարունակվում է: Արդյունքները կներկայացնենք դրանց ամփոփումից հետո։ ԱԷՄԳ-ի միջազգային փորձագիտական խումբը Հայաստանում առաքելություն է իրականացնելու մինչև հոկտեմբերի 25-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը