Աշխարհում եւ Հայաստանում նշում են իտալերեն լեզվի շաբաթը
Հասարակություն
Մեր երկրում շաբաթվա տոնական միջոցառումների սկիզբը տրվեց երեկ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Իտալերեն ուսումնասիրողներին եւ իտալական մշակույթով հետաքրքրվածներին ողջունելու էր եկել նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:
«Հայաստանն ու Իտալիան շատ նմանություններ ունեն ավանդույթների, ընտանիքի, մշակույթի առումով: Թերեւս դա է պատճառը, որ երկու ժողովուրդներն իրար այդքան համակրում են՝ ֆուտբոլային վերջին հանդիպումը չհաշված,- կեսկատակ նշեց դեսպանը եւ հավելեց,- Հայաստանը պետք է գնահատի իր պատմական եւ մշակութային անցյալը, որպեսզի կարողանա այսօրվա աշխարհում իր տեղը գտնել»:
Շաբաթվա ընթացքում կայանալիք միջոցառումների մի մասը տեղի կունենան ԵՊՀ-ում, մյուսները՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:
Բացման օրը դասախոսություն կարդալու գործը ստանձնել էր Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Մարիո Բիոնդին: Նախքան դասախոսությունը ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ, որը հակիրճ ներկայացնում էր Իտալիան ու իտալական մշակույթը: Դրա հիման վրա էլ պրոֆեսորը ներկայացրեց իր դասախոսությունը, նշում է ԵՊՀ պաշտոնական կայքը:
«Ֆակուլտետը սերտ կապեր ունի Իտալիայի դեսպանատան հետ: Միջոցառումները կազմակերպվել են համատեղ, իտալացի դասախոսներն էլ հրավիրվել են նրանց միջոցով»,- ասում է Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:
Նշենք, որ իտալերենի շաբաթը աշխարհում նշվում է արդեն 12-րդ անգամ: Վերջին տարիներին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուտետն էլ է միացել այդ տոնին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը