ԵՄ-ն չի կարող դա թույլ տալ. Ֆոն դեր Լեյեն
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը չի կարող թույլ տալ ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինան կորուստների հրատապ վերականգնման կարիք ունի հենց այս պահին, երբ մենք խոսում ենք, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը նպատակաուղղված հարվածներ է հասցնում ենթակառուցվածքներին։ Ռուսաստանը փորձում է կաթվածահար անել Ուկրաինան, բայց մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա», - ասել է ֆոն դեր Լեյենը երկիրը վերակառուցելու միջազգային դոնորների համաժողովում:
Մինչ էներգետիկ ենթակառուցվածքի վրա զանգվածային հարձակումների սկսվելը՝ Ուկրաինան իր էլեկտրաէներգիան մատակարարում էր ԵՄ-ին վաճառքի համար՝ դրա համար ստանալով օրական մինչև 11 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, գնդակոծության երկրորդ օրը Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը որոշեց դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները Եվրոպա: