Կմեկնարկի ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովը
Հասարակություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կկայանա «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագիրը կրող միջազգային համաժողովը:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 09:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի ճեպազրույցը, որից հետո կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը:
Համաժողովի նպատակն է՝ ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը, ինչպես նաև հրապարակել հռչակագիր (Երևանյան հռչակագիր)' միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ՝ խրախուսելով պատասխանատու զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։
Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժեվորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվի նաև հատուկ նստաշրջան՝ նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը, որի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ կազմակերպություններին, ասոցիացիաներին, կառաջարկվի ստորագրել Private Sector Commitment to the UNWTO Global Code of Ethics for Tourism(մասնավոր հատվածի՝ զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում) փաստաթուղթը:
Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.tourismevents.am պաշտոնական կայքէջը:
Հոկտեմբերի 18-ին կմեկնարկի նաև Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների Խորհրդի հերթական նիստը: Առաջին անգամ Երևանում կայանալիք Խորհրդի նիստին կմասնակցեն ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից:
Նույն օրը՝ ժամը 13.00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Սաթենիկ» սրաhում կկայանա Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների Խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովի ճեպազրույցը և Խորհրդի նիստի մեկնարկը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը