Մեկնարկել է «Գրական տապան 2012» փառատոնը
Հասարակություն
Հայ գրատպության 500 ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում ս. թ. հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում, արդեն, 3-րդ անգամ անցկացվում է «Գրական տապան» փառատոնը: «Գրական տապան 2012» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Սիրահարների այգում: Բացմանն ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
«Գրական տապան 2012» փառատոնին մասնակցում են գրողներ՝ Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չինաստանից, Կիպրոսից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Նիդերլանդներից: Գրական փառատոնի շրջանակում արտերկրից ժամանած հյուրերը կբացահայտեն Հայաստանն իր պատմամշակութային ժառանգությամբ ու արդի գրական գործընթացների նոր զարգացումներով, անմիջական շփումներ կունենան հայ գրչակից ընկերների և հայաստանյան ստեղծագործական տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Փառատոնի ընթացքում տեղի կունենա «Գրական տապան-2011»-ի հուշագրությունների գրքի շնորհանդեսը և նախագծին նվիրված ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: «Գրական տապան 2012»-ը կանցկացվի արձակ և պոեզիա բաժիններով, որի համատեքստում Երևանում կանցկացվեն «Պոեզիան/արձակը փողոցում» և «Եվրոպական չափածո սահմանադրություն» նախագծերը: Փառատոնի հայ և եվրոպացի մասնակիցները՝ գրողներ, գրականագետներ, հայագետներ կմասնակցեն գրական քննարկումների, կլոր սեղանների և ընթերցումների: Փառատոնի մասնակիցները հանդիպում-քննարկումներ կունենան նաև բուհերի ուսանողների հետ, կանցկացնեն վարպետության դասեր: «Գրական տապան 2012-ի» շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն հանրապետության մի շարք մարզերում ևս. մասնակիցները կայցելեն Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ, Դսեղ /Հովհ. Թումանյանի տուն-թանգարան/ և Վանաձոր /Ստ. Զորյանի տուն- թանգարան/: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակիցները կհանդիպեն Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Փառատոնային տպավորություններն ու հայաստանյան հայտնությունները կներկայացվեն մեկ առանձին ժողովածուի էջերում, որը կտպագրվի 2013-ին՝ ամբողջացնելով «Գրական տապան 2012-ի» արդյունքները:
«Գրական տապան» փառատոնի պատմությունը սկիզբ է առնում 2000 թ., երբ գերմանական «Լիտերատուրվերկշտատտ» կազմակերպության նախաձեռնությամբ ծնունդ է առել «Գրական ճեպընթաց-2000» նախագիծը: Նախագծի շրջանակում 40 երկրների 100-ից ավելի գրողներ, ավելի քան մեկ ամիս ճամփորդել են Եվրոպայով՝ իրենց տպավորությունները վերածելով գրական ժողովածուի: 2001 թ. «Գրական տապանը» Հայաստան է հրավիրել եվրոպացի բազմաթիվ գրողների, որի արդյունքում ստեղծվել է եվրոպացի գրողների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործությունների ժողովածու: Տասնամյա ընդմիջումից հետո՝ «Գրական տապան-2011-ը» կրկին նոր շունչ է հաղորդել հրաշալի նախաձեռնությանը և Երևանը կարճ ժամանակով դարձյալ վերածվել է գրական հարթակի, որտեղ խաչվում են եվրոպական գրական մշակույթները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը