Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսության աճի տեմպերով առաջատարն է. Մալախով
ՏնտեսությունՀայաստանը տնտեսության աճի տեմպերով ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է. տարեվերջին կանխատեսվում է 11% տնտեսական աճ։
Այս մասին Երևանում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, պետության ու բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անտոն Մալախովը։
Նա հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռն արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում 2022 թ. ինն ամիսների ընթացքում կազմել է 36,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32,2 %-ի փոխարեն:
Ըստ Մալախովի՝ Հյուսիս-հարավ նախագծի լիարժեք իրականացումը TRACECA նախագծի հետ թույլ կտա Հայաստանին ուժեղացնել իր դերը որպես հանգույց և դառնալ տարանցիկ փոխադրումների կենտրոն: