ՆԱՏՕ-ն ցանկանում է «Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագիր» կնքել. Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է հասնել «Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի», և այդ պատճառով անհրաժեշտ է համարում մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։ Նրա՝ դաշինքի խորհրդարանական վեհաժողովի Մադրիդում կայացած նիստում հայտարարությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկացած հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ցանկանում ենք խաղաղ լուծում, որը ընդունելի կլինի Ուկրաինայի համար, և դա պայմանավորված է մարտի դաշտում հաջողությամբ», - ասել է Ստոլտենբերգը։
Դաշինքի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ընդլայնեն Ուկրաինային զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի և վառելիքի մատակարարումները՝ հաշվի առնելով նրա տարածքում ռուսական հարվածների հետևանքները։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ և չի ներքաշվի Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ։ Նա ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։