Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է
Գիտություն և ՄշակույթՀայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը լավ հնարավորություն ունի հաղթելու շախմատի միջազգային մրցաշարում։
Մեր գրոսմայստերը Չեստերֆիլդում ընթացող մրցաշարի նախավերջին տուրում պարտության մատնելով ամերիկացի Պրավեն Բալակրիշնային, վաստակել է 6,5 միավոր և միանձյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդում են հինգ շախմատիստ, որոնք հետ են մնում կես միավորով։ Այսօր նախատեսված վերջին պարտիայում Արամ Հակոբյանը սևերով կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկի հետ։
Մրցաշարին մասնակցող մեր շախմատիստուհի Աննա Սարգսյանն այս տուրում 5-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի է խաղացել իր մրցակցի հետ։ Նա 4 միավորով զբաղեցնում է 39-րդ տեղը։
ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել և այժմ 3 միավորով գտնվում է 59-րդ հորիզոնականում։ Ամերիկահայ շախմատիստ Կիրկ Ղազարյանը նույնպես պարտվել է ընթացիկ տուրում և վաստակած 4 միավորով զբաղեցնում է 37-րդ տեղը։