Ով է Մալաթիայի թաղապետը և ինչով է աչքի ընկել Արման Բարխուդարյանը
ՎերլուծականԸնդամենը օրեր առաջ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կադրային փոփոխություն տեղի ունեցավ և քաղաքապետի որոշմամբ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնեց Արման Բարխուդարյանը:
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ նշանակված Արման Բարխուդարյանը մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր։ Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանական բիրտ գործողությունների մասին իր թեթեւակի դատապարտող գրառման համար:
Մինչ համայնքապետ նշանակվելը Բարխուդարյանը նաև ՔՊ Մալաթիա Սեբաստիայի տարածքային խորհրդի անդամ է ընտրվել:
Նշանակումից ի վեր Բարխուդարյանը հասցրել է խորհրդակցություն անցկացնել, շրջայց իրականացնել, ընդունել քաղաքացիներին, և, իհարկե, լայն թափով ընթանում են ապամոնտաժման աշխատանքները: Այս վերջին հանգամանքը ընդհանրապես զարմանալի չէ, քանի որ փոխքաղաքապետ Ավինյանի նախընտրական փիառի առյուծի բաժինը կազմվում է հենց ապամոնտաժման աշխատանքների շուրջ, հենց դրանք է Ավինյանը փորձում ներկայացնել իբրև քաղաքում կարգ ու կանոն հաստատելու պատրաստակամություն: