Արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը․ սահմանվել է հատուկ ցանկ
ՏնտեսությունԿառավարության որոշմամբ հունվարի մեկից՝ վեց ամսով, արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստան ներմուծումն ու արտահանումը: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և գործադիրի որոշմամբ սահմանվել է հատուկ ցանկ։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն իրականացնում է սահմանային հսկողությունը։
Որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։
Շրջակա միջավայրի նախարարությունը վերլուծում է առկա իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կդիտարկի առկա ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը։
ՊԵԿ-ը ներմուծող, արտահանողներին հորդորում է՝ նախապես ապահովել արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը` մաքսային մարմիններին ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։