Ֆրանսիան դիտարկում է Կիևին Leclerc տանկեր մատակարարելու հնարավորությունը. Politico
Համաշխարհային ՄամուլՖրանսիան դիտարկում է իր Leclerc հիմնական մարտական տանկերը Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, սակայն դեռ որոշում չի կայացվել, գրում է Politico-ն։
«Հարցը բարդ է, և Փարիզում դեռ լուծում չկա։ Բայց մենք մտածում ենք այդ մասին»,- ասել է հրապարակման աղբյուրը։
Նա նաև նշել է, որ այդ թեման կքննարկվի կիրակի՝ հունվարի 22-ին, Ֆրանսիայի և Գերմանիայի նախարարների խորհուրդների համատեղ նիստում։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ բանակցությունների ժամանակ հույս էր հայտնել, որ Փարիզը կշարունակի ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Նախօրեին նա ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Կիևն ակնկալում է դաշնակիցներից տանկեր ստանալ, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ դա ներառում է ֆրանսիական Leclerc տանկերը։