Ֆինլանդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՖինլանդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի, եթե Թուրքիան կամ Հունգարիան միայն վավերացնեն դաշինքին միանալու իր դիմումը։ Այս մասին հայտնում է ֆիննական Iltalehti թերթը։
Ըստ թերթի՝ այս տարբերակը կառաջանա, եթե գարնանը Թուրքիան և Հունգարիան վավերացնեն Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին, սակայն երկրներից մեկը չվավերացնի Շվեդիայի անդամակցությունը։
Կուսակցությունների առաջնորդները, երկրի ղեկավարությունը և այլ կարևոր քաղաքական գործիչներ քննարկում են այս հարցը վերջին շաբաթվա ընթացքում, նշում է թերթը։
Արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Iltalehti-ի աղբյուրները հաստատում են նման սցենարի մասին տեղեկությունը։
«Մենք պետք է առերեսվենք փաստերի հետ. մենք Ռուսաստանի սահմանային հարեւանն ենք։ Շվեդիայի աշխարհաքաղաքական դիրքը շատ է տարբերվում մեզանից»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը։
Նշվում է, որ թուրքերը խնդիր չունեն Ֆինլանդիային Հյուսիսատլանտյան դաշինք ընդունելու հետ, քանի որ Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցում է թուրքական հետախուզության հետ։