Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը
ՏնտեսությունՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Այդ մասին Քերոբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։
Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը։
Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչն, անշուշտ, կօգնի մեր երկրին արագ ինտեգրվել համաշխարհային գործընթացներին և միտումներին»,- գրել է նա։