Բայդենը հայտնել է՝ ինչու Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարում
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչները պետք է մնան երկրում։ Այսպես է նա մեկնաբանել դրանք Ուկրաինա չուղարկելու իր ցանկությունը։
Այս թեմայի շուրջ Բայդենից մեկնաբանություն են խնդրել լրագրողները, որոնցից մեկը հարցրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահը դեմ Կիև F-16 ուղարկելուն։ «Որովհետև մենք պետք է դրանք թողնենք այստեղ՝ ԱՄՆ-ում։ Սա բոլորովին այլ իրավիճակ է»,- պատասխանել է նա (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
The New York Times-ը գրել է, որ ԱՄՆ-ն կարող է թույլատրել այլ երկրների F-16-ներ վերաարտահանել Ուկրաինա։ Ըստ հրատարակության՝ ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ նման մատակարարումները կարող են լինել Դանիայից կամ Նիդեռլանդներից։ Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդական Անդրեյ Երմակը հայտարարել է, որ «F-16 կործանիչներ ձեռք բերելու աշխատանքները շարունակվում են»՝ հավելելով, որ Ուկրաինան տեսնում է «դրական նշաններ Լեհաստանից, որը պատրաստ է դրանք փոխանցել՝ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված կարգով»: