Դուբայում նախատեսում են թռչող տաքսիներ գործարկել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են թռչող տաքսիների ծրագրի վերսկսման մասին, այժմ նախատեսում են դրանք գործարկել մինչև 2026 թվականը։ Դուբայը նախատեսում է աշխարհի ամենաբանուկ միջազգային օդանավակայանի մոտ երկու մեկնարկային հարթակ կառուցել թռչող տաքսիների համար։ Թռիչքների արժեքն առնվազն 30%-ով բարձր կլինի սովորական տաքսիների ուղեվարձից, հաղորդում է Associated Press (AP)-ը։
Գործակալությունը նշում է, որ տեղական իշխանությունները 2017 թվականից փորձում են օդային տաքսի գործարկել։ Ծրագրի վերսկսման նախօրեին Դուբայի էմիր և ԱՄԷ վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄԷ կառավարությունը «հավանություն է տվել թռչող տաքսիների կայանների նախագծմանը, որոնք քաղաքի տարածքում կսկսեն գործել երեք տարվա ընթացքում»։
Գրառմանը կից Դուբայի էմիրը հրապարակել է նաև գովազդային հոլովակ, որում ցուցադրվում է օդային տաքսու աշխատանքը։