Բայրամովը հայտարարել է, թե Լաչինի միջանցքը փակած «ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել»
ԱրցախՓետրվարի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհին միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», ապա նորից անհիմն մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ հայտարարելով, թե իբր «Հայաստանը չարաշահում է ճանապարհն ապօրինի տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի, ականների տեղափոխման համար»։
Ադրբեջանցի նախարարը նաև պնդել է, թե «տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումների համար հիմքեր չկան»։
Նրա խոսքով՝ «Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացում թույլ է տվել մանիպուլյացիաներ»։ Բայրամովի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությամբ Լաչինի միջանցքը փակած «ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել»։