Ամուլսարի շահագործումը բյուջեի եկամուտները կավելացնի 100 մլն դոլարով. էկոնոմիկայի նախարար
ՏնտեսությունԲացի Ամուլսարի շահագործման այլ տնտեսական էֆեկտներից՝ բյուջեի եկամուտները կավելանան 30-40 մլրդ դրամով (100 մլն դոլար-խմբ.), այսինքն՝ ոլորտից եկամուտները կաճեն 20 տոկոսով։ Այս մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հիշեցրել է, որ Թեղուտի հանքի գործունեության դադարեցման պատճառով հանքարդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 3 տոկոս։
«Մեզ համար դա կարեւոր, բայց ոչ առաջնային ոլորտ է»,-ընդգծել է Քերոբյանը։
Նախարարը պարզաբանել է, որ դեռ որոշում չկա, թե որ գերատեսչության ենթակայության տակ են լինելու ակցիաները։
Նա հիշեցրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Հայաստանի կառավարության բաժնետոմսերը գտնվում են պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ։
«Կա պղնձի վերամշակման գործարանի կառուցման նախագիծ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-եզրափակել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 22-ին ստորագրել է 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական զարգացման բանկի եւ «Lydian Armenia» ՓԲԸ-ի հետ: Հայտարարվել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Lydian Armenia» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։