Էրդողանը հակված է ընտրությունները հունիսին անցկացնելուն․ Reuters
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի իշխանությունները պատրաստվում են հրաժարվել մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրերից՝ ավելի վաղ տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների ֆոնին, որոնց զոհ է դարձել ավելի քան 42,000 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը մտադիր է ամռանը կազմակերպել քվեարկությունը։
«Շատ հավանական է, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի ընտրություններն անցկացնել հունիսի 18-ին»,- ասել է աղբյուրը։
Ինչպես նշվում է, Էրդողանը պատրաստվում է այդ հնարավորությունը քննարկել իշխող կոալիցիայի իր գործընկեր, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի կողմերի հանդիպումից հետո։
Միաժամանակ գործակալությունը ընդգծում է, որ թուրքական իշխանությունները կարող են հրաժարվել մայիսին քվեարկություն անցկացնելուց, քանի որ հանրապետության ընտրական իշխանությունները պարզապես կարող են բավարար ժամանակ չունենալ ընտրություններին նախապատրաստվելու համար, հատկապես այն շրջաններում, որոնք առավել տուժել են երկրաշարժից։