Իսրայելի ԱԳՆ-ն արգելափակել է Բորելի այցը երկիր․ Haaretz
Համաշխարհային ՄամուլԻսրայելի արտաքին գործերի նախարարությունը փորձում է արգելափակել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այցը երկրի քաղաքականության, այդ թվում՝ կառավարության ծրագրված դատական բարեփոխումների հասցեին քննադատության պատճառով: Այդ մասին գրում է Haaretz-ը։
Ըստ հրապարակման՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը ցանկացել է այցելել երկիր, սակայն իսրայելական կողմը հասկացրել է, որ անցանկալի է համարում այդ այցը։ «Նրան [Բորելին] իր պահվածքի համար պարգևատրելու ոչ մի պատճառ չկա», - ասել է արտաքին գործերի նախարարության անանուն աղբյուրը:
Իսրայելի դժգոհությունը առաջացրել է Բորելի հոդվածը, որտեղ նա քննադատում է երկրի քաղաքականությունը։ Բացի այդ, Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Բորելը մատնանշել է Իսրայելում ժողովրդավարության վատթարացումը։ «Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնությունները ավելի ու ավելի են սպառնում պաղեստինցիների կյանքին և ապրուստին, և գրեթե միշտ անպատիժ», - գրել էր նա հոդվածում: