Ճարտարի բնակիչը հայտնվել էր թշնամու տարածքում, ապա խաղաղապահների միջնորդությամբ հանձնվել Արցախին
ԱրցախԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թ. Ղ.-ն 2023թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի ներքևի հատվածով՝ «Վեյսալու» կոչվող տեղամասով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Արցախի Հանրապետության պետական պահպանվող սահմանը, հայտնվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և հատուկ ծառայություների զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որից հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, 2023թ. հունվարի 08-ին հանձնվել է Արցախի Հանրապետությանը: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ, Թ.Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ նախաքննության արդյունքներով կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 25.04.2023թ. ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Մարտունու շրջանի դատախազությունը: