Արցախն ապրում է, այն կորցնելու մասին գրում են անցակետից այն կողմ գտնվողները. Դավիթ Ղահրամանյան
Արցախ«Զարմանում եմ, երբ տեսնում եմ ֆեյսբուքյան տիրույթում մեր հայրենակիցների գրառումները Արցախը վերջնականապես կորցնելու մասին»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ հրապարակելով նախօրեին Արցախում տեղի ունեցած հարսանիքից արված լուսանկարը։
«Ցավոք, հիմնականում նման գրառումներ անում են նրանք, ովքեր այս պահին գտնվում են Ադրբեջանի կողմից տեղադրված ժամանակավոր անցակետից այն կողմ: Նման գրառումներ անելուց առաջ հիշեք, որ այստեղ 120.000 մարդ է ապրում, ովքեր, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո հասկանալով բոլոր դժվարությունները, որոշել են վերադառնալ և ապրեցնել Արցախը: Իսկ խոսքը և ցանկությունը իրականանալու մեծ ուժ ունեն, ուստի ավելի լավ չէր լինի՞, որ ձեր գրառումները, ձեր հայտարարությունները լինեն բոլոր հնարավոր միջոցներով Արցախը հայկական պահելու մասին, իսկ ձեր սրտներում անցակետը ապամոնտաժելուց հետո վերադարձի մասին միտքը լինի»,- գրել է նա: