Իրաքի փոխնախագահը նախօրեին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների մեջ մեղադրել է երկրի վարչապետին
Աշխարհ
Ինչպես հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը, նախօրեին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի շարք պայթյունների մեջ Իրաքի փոխնախագահ Թարիք Հաշեմին մեղադրել է երկրի գործող վարչապետ Նուրի ալ–Մալիկին։
Ըստ փոխնախագահ Հաշեմիի՝ վարչապետ Ալ–Մալիկին պետք է կենտրոնանա ոչ թե Իրաքի բարձրաստիճան քաղաքական գործիչների դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների վրա, այլ պետք է զբաղվի երկրի անվտանգության խնդիրներով։
Նշենք, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելուց մեկ օր հետո, երբ Հաշեմին ինքնաթիռով պատրաստվել է մեկնել Իրաքի ծայրամասերում գտնվող քրդական ինքնավարության շրջանները, անվտանգության ուժերը ձերբակալել են նրա երկու թիկնապահներին՝ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով։ Այնուհետև վարչապետ Ալ–Մալիկին Հաշեմիին մեղադրել էր Իրաքում նախկինում տեղի ունեցած ահաբեկչություններ ֆինանսավորելու համար, և ձերբակալման կոչ էր արել Իրաքի խորհրդարանում։ Հաշեմին իր դեմ ուղղված մեղադրանքները կոչել է նախապես ծրագրված։ Իրաքի փոխնախագահ Հաշեմիի և վարչապետ Ալ–Մալիկիի միջև հակամարտությունը դիտվում է Իրաքում իշխանության ներսում ձևավորված շիա և սուննի մահմեդականների շարունակվող հակամարտության կոնտեքստում։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել էր մի քանի տասնյակ մարդ և վիրավորվել մոտ երկու հարյուրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ