ԵՄ-ն միայն ծայրահեղ դեպքում կսահմանափակի արտահանումը դեպի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խախտող երկրներ․ Reuters
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը միայն ծայրահեղ դեպքում է մտադիր արտահանումը սահմանափակող մեխանիզմ ներդնել այն երկրների համար, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ այս մեխանիզմը միանգամից չի կիրառվի, եթե կա համապատասխան օգնության կասկած, ապա ԵՄ-ում մինչև սահմանափակում կիրառելը նախատեսում են նախ դիվանագիտական մեթոդներ կիրառել և առաջարկել իրենց օգնությունը։
«Առայժմ դրանք դատարկ անոթներ են լինելու, որոնք հետո անհրաժեշտության դեպքում կարելի է լցնել: Հիմնական բանը` փորձել երբեք չօգտագործել դրանք, այլ նախ դիվանագիտական աշխատանք կատարել և տեխնիկական աջակցություն առաջարկել: Միայն ծայրահեղ դեպքում կդիմենք այս սպառնալիքին»,- գործակալությանը ասել է դիվանագետը:
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ միկրոչիպեր և այլ էլեկտրոնային ապրանքներ արտադրող չինական յոթ ընկերություններ, որոնք կասկածվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ, կարող են ներառվել ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթում։ Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ԱՄԷ-ի, Սիրիայի և Հայաստանի ընկերությունների դեմ։