Արայիկ Հարությունյանը ռազմական դրության պայմաններում սահմանափակումների մասին հրամանագրեր է ստորագրել
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը: