ԵՄ-ն արձագանքել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզմանը
Համաշխարհային ՄամուլԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում արձագանքել է Ռուսաստանի կողմից «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի պայթեցմանը։
«Ցնցված ենք «Նովայա Կախովկա» ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից: Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին», - գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթեցվել է Խերսոնի մարզում գտնվող «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Արդյունքում՝ ջրի մակարդակը բարձրացել է, իսկ Դնեպր գետի մոտ գտնվող բնակավայրերը ջրի տակ են անցնում։
Խերսոնի իշխանությունները շտապ տարհանում են հայտարարել։ Կրիտիկական գոտում աջ ափին մոտ 16 հազար մարդ է տարհանվել։ Ռուս զինվորականները նույնպես տարհանվել են։
«Կախովսկայա» հիդրոէլեկտրականի փլուզման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
Նշվում է, որ ՀԷԿ-ը հիմնովին ավերված է և չի կարող վերականգնվել։
Կատարվածի մեջ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձաբար միմյանց են մեղադրում։