ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին․ Նատալի Լուազո
ԱրցախԵվրոպական խորհրդարանն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն` պատասխանելով հարցին, թե իր Հայաստան այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու հարցը, և արդյոք այս պահին տեսնում է նման հնարավորություն։
« Առաջինը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։ Երկրորդ՝ Եվրոպական խորհրդարանը լրիվ սատարում է փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։
Եվրոպական խոհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը լիարժեք պաշտպանելու համար։
Մենք նաև միանգամայն կողմ ենք, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ կլինի, եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը»,- ասաց Լուազոն։