Իրավիճակը վատթարանում է, ստիպված ենք լինելու ամբողջությամբ դադարեցնել տրանսպորտի աշխատանքը․ ԱՀ ՏԿԵ փոխնախարար
ՏեսանյութերԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը. զգալիորեն կրճատվել է նաև միջշրջանային երթուղիների շահագործումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը:
«Մեր սուղ պաշարները թույլ չեն տալու, որ այս վիճակը պահպանվի։ Հաշվարկներն անգամ օրերի են տանում, երկարաժամկետ պլաններ կազմել չենք կարող։ Օրեցօր իրավիճակը վատթարանում է, և, շարունակվելու դեպքում, ստիպված ենք լինելու ամբողջությամբ դադարեցնել հանրային տրանսպորտի աշխատանքը։
Հարությունյանի խոսքով՝ բացի վառելիքից, անհնարին է նաև ավտոպահեստամասերի, անվադողերի, հատուկ նյութերի ներկրումը, ինչը տրանսպորտային միջոցների շահագործման համար լուրջ վտանգներ է ստեղծում։
«Մենք մի կողմից նշում ենք , որ չի մատակարարվում վառելիք, բայց եւ միաժամանակ չեն մատակարարվում ավտոպահեստամասեր, ավտոբուսների որակական հատկանիշները մտահոգիչ են, որովհետեւ պահեստամասերի բացակայությունն ազդում է որակական հատկանիշների վրա»,- ընդգծեց փոխնախարարը։