ԵԽ գլխավոր քարտուղարը Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել
ԱրցախԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը։
«Չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լարված իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը։
Ես խստորեն կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախկին կոչերը։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ ՄԻԵԴ–ի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», - ասել է Բուրիչը։
Նա նաև Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել։
«Կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», - նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։