«Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է». Հաջիև
ԱրցախԱդրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներից Երևանի հրաժարման և ադրբեջանական տարածքից իր զինված ուժերի դուրսբերման կարևորության մասին»։
Ըստ «Ինտերֆաքս–Ադրբեջանի», Հաջիևը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է երեքշաբթի ամերիկյան The National Interest ամսագրի առցանց տարբերակում հրապարակված «Հայաստանը ցանկանո՞ւմ է խաթարել Հարավային Կովկասում խաղաղությունը» հոդվածում։
Ադրբեջանական պետության ղեկավարի օգնականը նշել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Հայաստանի ղեկավարության բանավոր հայտարարությունները պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրի շրջանակներում»։ «Այլ ճանապարհ չկա»,- հավելել է նա։
«Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է՝ իր քաղաքական ղեկավարությամբ»,- եզրափակել է Հաջիևը։