Հավելավճարը կկազմի դրույքաչափի 25 տոկոսը
Գիտություն և ՄշակույթԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։
Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն, «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։
Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաեւ կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները եւ լրավճարները։ Ընդ որում, եթե ուսուցիչը 2 տեղում է աշխատում, 2 տեղից էլ ստանալու է հավելավճար։
ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական եւ տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարեւորությամբ:
Հավելավճարի կարգը կգործի այս տարվա սեպտեմբերի 1-ից եւ կտարածվի պետական հանրակրթական բոլոր այն հաստատությունների վրա, որոնք ունեն մինչեւ 100 աշակերտ։ Իսկ դրանք հիմնականում գյուղական դպրոցներն են, որոնց թիվն այնքան էլ շատ չէ։