Ադրբեջանը «մարդասիրական օգնություն» է ուղարկել Ստեփանակերտ
ԱրցախԱդրբեջանն այսօր Բաքվից «մարդասիրական օգնություն» է ուղարկել Ստեփանակերտ։ Այս մասին, ըստ APA-ի, հայտարարել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը։
«Մոբիլիզացվել են մեր Կարմիր մահիկի ընկերության առաջատար աշխատակիցներն ու կամավորները, նախնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուր, իհարկե տրամադրված են նաև մեր աշխատակիցների գործունեության պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ։
Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրականորեն կընդունվի թե՛ հանրության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Ստեփանակերտում ապրող բնակչության կողմից»,- ասել է Նովրուզ Ասլանը։
Նա հայտարարել է, որ Կարմիր մահիկի ընկերությունը քաղաքական հասարակական կազմակերպություն չէ։
«Մենք ոչ մի քաղաքական գործընթացի չենք միացել, չենք միանում ու չենք միանալու: Հուսով եմ, որ այս գործունեությունը դրական կընդունվի բոլոր ոլորտներում, գնահատականներ կտրվեն, անհրաժեշտության դեպքում կարող ենք նորից օգնություն ուղարկել»,- ասել է Ասլանը: