Ուկրաինայի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից Օլեքսեյ Ռեզնիկովի հրաժարականի մասին։ Նրա պաշտոնը կարող է զբաղեցնել Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Նշանակումը պետք է հաստատի Ուկրաինայի խորհրդարանը, գրում է Currenttime-ը։
«Ալեքսեյ Ռեզնիկովը պաշտոնավարել է լայնամասշտաբ պատերազմի ավելի քան 550 օրը: Իմ կարծիքով՝ նախարարությանը նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր են անհրաժեշտ ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- բացատրել է Զելենսկին իր որոշումը։
Նախարարության ղեկավարի պաշտոնում նա առաջարկել է Ռուստեմ Ումերովին։ «Ուկրաինայի Գերագույն Ռադան լավ է ճանաչում այդ մարդուն։ Պարոն Ումերովը լրացուցիչ ծանոթությունների կարիք չունի: Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- ասել է Զելենսկին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռեզնիկովը հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա։ «Պատիվ էր ծառայել ուկրաինացի ժողովրդին և աշխատել ուկրաինական բանակի համար վերջին 22 ամիսների ընթացքում՝ Ուկրաինայի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջանում»,- գրել է նա։