Նիկողայոս Նիկողոսյանի ծննդյան 105-ամյակի առթիվ կկազմակերպվեն միջոցառումներ
Գիտություն և ՄշակույթՄեծանուն քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի ծննդյան 105-ամյակի առթիվ կկազմակերպվեն միջոցառումներ։
Սեպտեմբեր 14-ին, ժամը 18։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի երկու ճեմասրահներում կբացվի Նիկողայոս Նիկողոսյանի քանդակի և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Նույն օրը ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա անվանի արվեստագետին նվիրված համերգ։ Ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Երեկոյի ընթացքում կհնչեն՝ Օ․ Մեսիանի, Պ․ Վասկսի, Յ․ Մյանտիյառվիի, Ջ․ Տավեների, Ա․ Պյարտի, Ա․ Ավանեսովի, Կ․ Նյուստեդտի ստեղծագործությունները։
Համերգը կեզրափակվի ժամանակակից կոմպոզիտոր Սերգեյ Ախունովի Exegi Monumentum ստեղծագործության հայաստանյան պրեմիերայով։ Երկը հիմնված է Հորացիոսի բանաստեղծությունների վրա և նվիրվում է Նիկողայոս Նիկողոսյանի հիշատակին։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագծի գործընկերներ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, «Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ, «Նիկո» ցուցասրահ։