Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում կունենան
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է քաղաքական գործչի վարչակազմին մոտ գտնվող Пул Первого հեռագրային ալիքը։
Լուկաշենկոյի այցի հիմնական նպատակը լինելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 15-ին։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգը և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև համատեղ անելիքները տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
Վերջին անգամ Լուկաշենկոն Ռուսաստան է ժամանել այս տարվա հուլիսին։ Բելառուսի և Ռուսաստանի նախագահներն այցելել են Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի ռազմածովային տաճար, ապա տաճարի մոտ գտնվող հրապարակում զրուցել ռուսների հետ։
Լուկաշենկոն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել նաև ապրիլին։
Այնուհետև նա մասնակցել է Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին։