Ադրբեջանը հայտարարություն է տարածել Իվանյանում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ
ԱրցախԱդրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Դրանում նշվում է, որ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերից, մասնավորապես՝ մարդասիրական օգնության, վառելիքի հնարավորինս արագ տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարումների վերսկսման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում: