ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածին իսրայելական հարձակման հետևանքով՝ 13 պատանդ է սպանվել
Համաշխարհային ՄամուլՀԱՄԱՍ-ի ռազմական թևն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածների արդյունքում՝ սպանվել է 13 պատանդ, որոնք նախկինում գերեվարվել էին արմատականների կողմից։
Նշվում է, որ մահացածների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Հստակեցվում է, որ Հյուսիսային Գազայի նահանգում վեց մարդ է զոհվել երկու տարբեր վայրերում, իսկ յոթը սպանվել է Գազայի նահանգում՝ երեք տարբեր վայրերում։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության ուժերը հոկտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել են Գազայի հատվածի 750 թիրախների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածների թիրախում են եղել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները, ռազմական պահեստներն ու դիրքերը, ինչպես նաև խմբավորման բարձրաստիճան անդամների տները, որոնք, ըստ Իսրայելի, օգտագործվում են որպես հրամանատարական կենտրոններ: Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել նաև Գազայում գտնվող 12 բազմահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի կողմից:
Իսրայելի պաշտպանության բանակն ընդգծել է, որ առաջիկա օրերին կշարունակի ակտիվ գործունեությունը Գազայի հատվածում։