Ադրբեջանի ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս թալանել արցախցիների տները․ «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է․
«Կան տեղեկություններ, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել ցանկացած գնով Արցախից տեղահանվածներին վերադարձնել իրենց տները, ծրագիր են մշակում, ռազմավարություն, որով վստահություն կներշնչեն արցախցիներին, գոնե` մի փոքր խմբի։ Ադրբեջանը դա համարում է իր հեղինակության հարց, որով կարող է մանեւրել աշխարհի առաջ եւ ազատվել էթնիկ զտման քաղաքականություն կիրառողի խարանից։
Հենց այդ նպատակով էլ ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս, որ լքված տներում թալան իրականացվի, որ արցախցիների հետվերադարձը հնարավոր լինի: Իր ծրագիրն Ադրբեջանը փորձելու է իրագործել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջոցով, որոնք մինչեւ սեպտեմբերի 19-ը սերտ կապեր ունեին Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հետ։
Սակայն արցախյան գործիչները քիչ հավանական են համարում զանգվածային վերադարձը, կարծում են, որ Արցախ կգնան միայն ճարահատյալ տարեցները, որոնք Հայաստանում չեն գտնի մշտական տանիք եւ չեն կարողանա ինտեգրվել Հայաստանի իրականությանը»։