Եվրոպացի պաշտոնյաները Ստրասբուրգի փոխարեն պատահաբար հայտնվել են Դիսնեյլենդում․ BBC
Համաշխարհային ՄամուլՄի քանի հարյուր խորհրդարանականներ և Եվրախորհրդարանի աշխատակիցներ Ստրասբուրգի փոխարեն պատահաբար ժամանել են Դիսնեյլենդ։ Այս մասին գրում է BBC-ն։
Պաշտոնյաների և խորհրդարանականների հատուկ չարտերային գնացքը պարբերաբար գործում է Բրյուսելի և Ստրասբուրգի միջև, քանի որ Եվրախորհրդարանը գտնվում է երկու քաղաքներում։ Գնացքն ուղևորվում է ամիսը մեկ անգամ, սակայն Բրյուսելից մեկնած վերջին գնացքը չի ընթացել ըստ նախատեսվածի, և Ստրասբուրգի փոխարեն ուղևորները հայտնվել են Դիսնեյլենդում։
Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել են ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերության ներկայացուցիչները, Փարիզի մերձակայքում գտնվող անջատիչներից մեկում վթար է տեղի ունեցել, և գնացքը սխալ գծով է գնացել։ Գնացքը մոտ 45 րոպե կանգնել է Դիսնեյլենդ կայարանում, իսկ հետո վերջապես ճանապարհ ընկել դեպի իր նպատակակետը։
Որոշ պաշտոնյաներ միջադեպի հետ կապված նշել են, թե ավելի լավ կլիներ, որ Եվրախորհրդարանը հիմնված լիներ նույն քաղաքում կամ գոնե նույն երկրում։