Մակրոնը ժամանել է Իսրայել
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել է Իսրայել։ Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը մտադիր է լիակատար համերաշխություն հայտնել Իսրայելին ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում, բայց, միևնույն ժամանակ, կոչ է անում խնայել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածին պատասխան հարվածներ հասցնելու ժամանակ։ Ֆրանսիայի նախագահը մտադիր է նաև հումանիտար հրադադարի կոչ անել Գազայի խաղաղ բնակչությանը շտապ օգնության մատակարարումն ապահովելու համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ Մակրոնը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և ընդդիմության առաջնորդներ Յաիր Լապիդի և Բենի Գանցի հետ։ Նեթանյահուի և Մակրոնի համատեղ մամուլի ասուլիսը նախատեսված է Երևանի ժամանակով՝ ժամը 15:00-ին։ Անցյալ շաբաթ Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է Իսրայել մեկնել միայն այն ժամանակ, երբ իսրայելցիների և պաղեստինցիների միջև կոնկրետ բանակցությունների հնարավորություն լինի։