«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է ՀՀ–ից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների կտրուկ աճի մասին
Տնտեսություն«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարման ժամանակ «խախտումների հաճախակիացման» կապակցությամբ։
Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցել են կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։
«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ․ միայն նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 36 դեպք ...»,- ասվում է հաղորդագրությունում։
«Սա վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար»,– հայտնում են «Ռոսսելխոզնադզորից»։
Նշվում է, որ խախտումների մասին տեղեկացրել են Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկություն դեռ չկան։
«Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանը այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ Միաժամանակ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել»,– ասված է հաղորդագրության մեջ։