ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը
ՏնտեսությունՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 3 մլրդ դոլարի։
Քննարկված թեմաների թվում էր Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր։
Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է նաև ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Ալիռեզա Ասգարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ արտադրություններ հիմնելու, ինչպես նաև՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին առնչվող հարցեր։